«Արմենիա» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից` Հայաստան-Իտալիա խաղի հեռարձակման ժամանակ տեղի ունեցած խոտանի համար` հայտնելով, որ մեղավորները աշխատանքից ազատված են։ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի հայտարարության մեձ ասվում է.
«Հարգելի՛ հեռուստադիտողներ եւ հատկապե՛ս ֆուտբոլասերներ.
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:
Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:
Ձեռնարկվել են խստորոշ եւ հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն աշխատանքից ազատված: Կիրառված եւ սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլեւս չկրկնվելու համար:
Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը եւ ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը եւ կարժանանանք Ձեր գոհունակությանը:
Շնորհակալություն, որ մեզ հետ եք»:
Նշենք, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը եւ «TV մոլ» շաբաթաթերթը:
2012թ-ի հուլիսի 18-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պաշտոնապես հավանության է արժանացրել նշված միավորմանը եւ որոշում է կայացրել թույլատրել համակենտրոնացումը:
Նշված որոշման հիման վրա 2012 թվականի օգոստոսի 1-ին «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲ ընկերության եւ Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ , «Ռադիոո ՊՌՈ» ՍՊ, «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲ ընկերությունների միջեւ կնքվել են գործակալական կառավարման պայմանագրեր, ինչի արդյունքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ ստանձնել է նշված ընկերությունների կառավարումը:





























