Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հերքում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հետ իրար քաշքշելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ««168 ժամ» թերթի 2012թ. հոկտեմբերի 18-19-ի համարում լույս տեսած «Քաշքշել են ԲՀԿ-ի պատճառով» , «ԲՀԿ-ի պատճառով իրար են ծեծում» հրապարակումներում որպես փաստ ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել մի քանի փաստեր, սեփական խոսքով երաշխավորելով դրանց անառարկելիությունը.
1.Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի վերջին նիստերին մասնակցություն չեմ ունեցել, որովհետեւ չեմ հանդիսանում քաղաքական խորհրդի անդամ: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամները քաղխորհրդի նիստերին մասնակցում են ըստ անհրաժեշտության:
2. Երբեւէ, որեւէ տեղ, որեւէ մեկին չեմ «սպառնացել», որ կառաջադրվեմ ՀՀ նախագահի թեկնածու: Նման բան ինձ վերագրելը նույնիսկ ծիծաղելի չէ: Երբեւէ որեւէ տեղ չեմ ասել, թե պատրաստվում եմ նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա ընտրություններում:
3. Հայաստանում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ, որեւէ մեկին թշնամի չեմ համարում: Պնդել, թե Հայ ազգային կոնգրեսում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ ունեմ, նշանակում է չտիրապետել որեւէ իրական տեղեկատվության:
4. 2012թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հայտնի իրադարձություններից հետո մինչեւ օրս՝ իմ մասնակցությամբ որեւէ քաշքշոց տեղի չի ունեցել:
5. Լրատվական դաշտի հարգելի գործընկերներին կոչ եմ անում զերծ մնալ լրատվական «ուտկաների», այսինքն՝ մտացածին տեղեկությունների միջոցով ինձ որոշակի մեսիջներ հղելու, իմ հնարավոր գործողությունները ուղղորդելու անիմաստ փորձերից: Իմ լրագրողական եւ քաղաքական գործունեության փորձը պիտի որ ակնհայտ դարձներ, որ դա անիմաստ զբաղմունք է:
6. Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին եւ լրատվամիջոցներին, ովքեր ուշադրությամբ հետեւում են Հայ ազգային կոնգրեսի, նրա խորհրդարանական խմբակցության աշխատանքներին, անձամբ իմ գործունեությանը եւ եւ իրական փաստերի հիման վրա ներկայացնում կարծիքներ, տեսակետներ, վերլուծություններ»
Նշենք, որ «168 ժամը» գրել է, թե վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական եւ քաղաքական դրդապատճառներ ունեն եւ պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























