«Զվարթնոց» օդանավակայանը մոտ երկու ժամ առաջ վերականգնել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
Չվերթները վերականգնել են, քանի որ ավիաընկերությունից խոստացել են, թե այսօր` մինչեւ օրվա վերջ, պարտքը հասցնել մինչեւ 3 միլիոն դոլարի:
Նշենք, որ երկու օր է` «Զվարթնոց» օդանավակայանը նորից դադարեցնում է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Սակայն «Արմավիան» փոխանցում է որոշակի գումար, եւ դրանց սպասարկումը վերսկսում է: Այս պահին պարտքը կազմում է 3 մլն 215 հազար դոլար:
Հիշեցնենք, «Արմավիայի» եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել:





























