Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի հետ կապված հարցը նոր չի բարձրացվել, այլ տարբեր ժամանակներում այն քննարկվել է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին,  լրագրողներին հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի համար ամենահարմար գնորդն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, որը ԱԳՆ-ի շենքի համար վճարել է  51 միլիոն 270 հազար դոլար: «Շուկայական արժեքից բարձր գնով շենքը վաճառվեց»,- ասաց նա: Հանրապետության հրապարակի տարածքում գույքի շուկայական արժեքը 1քմ-ի համար տատանվում է 1500-2000 դոլարի սահմաններում, իսկ ԱԳՆ-ն վաճառվել է 1 քմ-ը 3600 դոլարով: Արման Սահակյանի խոսքով` այդ շենքի վերանորոգման համար գնորդը գրեթե նույնքան էլ պետք է ներդնի, որպեսզի կարողանա շենքը պատշաճ տեսքի բերել եւ օգտագործել: Բայց նախեւառաջ պետք է սպասել 3 տարի, որ նոր շենքը կառուցվի եւ գերատեսչությունները տեղափոխվեն: Նա վստահեցրել է, որ իրենք չեն տանելու ԱԳՆ-ի շենքը Հանրապետության հրապարակից, չեն ձեւափոխելու այն: «50-ական թվականներին ԱԳՆ-ի շենքում ինչ ասես, որ չեն գործել` գաստրոնոմ, կոշկակարանոց է եղել»,- ասաց Արման Սահակյանը:

Իսկ թե շենքի վաճառքի վերաբերյալ ինչո’ւ հանրային քննարկում չի կազմակերպվել, Ա.Սահակյանը նշեց, որ ինքը պարտավոր չէ իր յուրաքնաչյուր որոշման մասին, որ ներկայացնում է ՀՀ կառավարություն, հանրությանը տեղյակ պահել: Նա  խորհուրդ տվեց էմոցիաների գիրկը չընկնել եւ այդ ամենը հանրությանը չմատուցել էմոցիոնալ տեսանկյունից:

Արման Սահակյանը նաեւ ասաց, որ այս պահին չկա պետական նշանակության շենք, որի վաճառքի հետ կապված բանակցություններ են ընթանում, բայց եթե լավ առաջարկ լինի, ապա կքննարկեն: