«Եթե հաշվի առնենք, թե անցած տարվա ընթացքում քանի անգամ են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ապա կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով 2009-ը բավականին ակտիվ տարի էր։ Սակայն ես չեմ պատկանում այն գործիչների թվին, ովքեր կարծում են, որ 2010թ. կարող է բեկումնային լինել խնդրի կարգավորման հարցում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նշելով, որ «հակամարտության հիմնական հարցերը դեռեւս չհամաձայնեցված են մնում» նա համոզմունք հայտնեց, որ Սոչիում հունվարի 25-ին կայանալիք եռակողմ հանդիպումը դժվար թե էական ձեռքբերումներ արձանագրի գործընթացում։ Սակայն «երկու երկրների նախագահների հանդիպումներն արդեն իսկ լավ են եւ վկայում են, որ գործընթացը չի դոփում տեղում»։ «Հանդիպումները հույս են ներշնչում, որ կողմերն ի վերջո կգան ընդունելի փոխհամաձայնության»,- նշեց Ն. Զոհրաբյանը։ Հարցին, թե ինչո՞վ կբացատրի բանակցային գործընթացի ակտիվացումը, ԲՀԿ պատգամավորը նկատեց, որ չլուծված հակամարտությունները չեն բխում որեւէ կողմի շահերից։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ձգտում է խնդրի արագ եւ խաղաղ կարգավորմանը։