Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Գյուլթեքին Հաջիեւան ադրբեջանական կայքէջերից մեկին տված հարցազրույցում անհանգստություն է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ի՝ հունվարի 25-ից 29-ը կայանալիք նստաշրջանին եվրոպացի խորհրդարանականներին մեծ թվով հակաադրբեջանական քարոզչական նյութեր բաժանել։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատեց փաստը, որ ԵԽԽՎ սպասվելիք նստաշրջանին ինքն իրոք պատրաստվում է եվրոպացի խորհրդարանականներին քարոզչական նյութեր, այդ թվում՝ «21-րդ դարի վանդալները» խորագրով տեսաերիզներ բաժանել, որտեղ ներկայացված են Նոր Ջուղայի գերեզմանատան ոչնչացման, ինչպես նաեւ 1990թ. Բաքվի ջարդերի բազմաթիվ կադրեր։ «Ես հասկանում եմ, որ ադրբեջանական պատվիրակությունն անակնկալի է եկել այն բանից, որ դեռեւս նախորդ նստաշրջանում եւս ես մեծ թվով քարոզչական նյութեր եմ բաժանել հենց ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում եւ հասկանում եմ նաեւ, որ նրանք միշտ սովոր են եղել, որպեսզի իրենց զազրախոսություններին հայկական կողմը պատասխանի լուռ արհամարհանքով։ Բայց այս անգամ զարմացել են, որ հանդիպել են իրենց գործելաոճին համապատասխան գործողությունների։ Նրանք անհանգստացած են, որովհետեւ իրենց կեղծիքների դեմ մենք լուրջ փաստարկներ ենք ներկայացնելու»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը։