ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Դաֆինա Գերչեւային՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել եւ հույս հայտնեց, որ նորանշանակ մշտական ներկայացուցիչը իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ընդլայնմանը:

ՀՀ արտգործնախարարը նաև բարձր գնահատեց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակների գործունեությունը եւ ԱԳՆ աջակցությունը հայտնեց 2010-2015թթ.-ի ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերին:

Դաֆինա Գերչեւան վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ներգրավվածության բարձրացմանը եւ նախագծերի իրականացմանը ու ընդգծեց, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աշխատանքների եւ իշխանությունների հետ համագործակցության ընթացքում կուտակած դրական փորձը կարող է կիրառվել նաեւ այլ երկրներում: