Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազատամարտիկ, 2008 թվականի հետընտրական գործըթնացների արդյունքում 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ազատամարտիկի հարազատները, հունվարի լույս 23-ի գիշերը կրկին մի քանի անգամ շտապօգնություն են կանչել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն պատշաճ օգնություն այդպես էլ չեն ցուցաբերել: «Սասունը կյանքում առաջին անգամ բողոքում է առողջությունից»,- պատմեց նրա զինակից ընկերներից մեկը՝ հավելելով, որ արդարադատության նախարարությունը միջոցներ չի ձեռնարկում Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու եւ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:

ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը NEWS.am-ին հայտնեց, որ Միքայելյանն այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, սակայն նրան հետազոտությունների են տանում «Արմենիա» բուժկենտրոն:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը դեկտեմբերին ծանր վիրահատության ենթարկվել «Արմենիա» բուժկենտրոնում եւ դեկտեմբերի 28-ին կրկին տեղափոխվել է ՔԿՀ:

Նա 8 տարվա ազատազրկման դատապարտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքներով: