ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական հարձակողական սպառազինության շուրջ երկխոսությունը՝ փորձագետների մակարդակով կշարունակվի քննարկվել փետրվարին Ժնեւում, որտեղ եւ կողմերը հանդես կգան պայմանագրի ստորագրմամբ: Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Նիկոլայ Մակարովի եւ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարների միացյալ շտաբի նախագահ, ծովակալ Մայքլ Մալլենի հանդիպման ընթացքում:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմավարական սպառազինության նոր պայմանագրի պատրաստման հարցերը եւ երկկողմ ռազմավարական համագործակցության հիմնական ուղղությունները: ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Մայքլ Համմերը հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ մոսկովյան հանդիպումների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել:

«Ես ուրախ եմ հայտնելու, որ հրամանատար Ջոնսը եւ ծովակալ Մալլենը Մոսկվայում շատ արդյունավետ բանակցություններ են ունեցել: Հրամանատար Ջոնսը հնարավորություն ունեցավ հանդիպելու նախագահ Մեդվեդեւի հետ եւ քննարկել նոր պայմանագրի մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ Իրանի եւ Աֆղանստանի անվտանգությանը վերաբերող այլ հարցեր»,- «Интерфакс»-ի հաղորդմամբ հայտարարել է անվտանգության խորհրդի նախագահը:

Նոր պայմանագիրը փոխարինելու է նախկին պայմանագրին, որը ստորագրվել էր 1991 թվականին, Մոսկվայում եւ ուժի մեջ մտել 1994 թվականի դեկտեմբերի 5-ին: Նրա վավերության ժամկետն ավարտվել էր 2009 թվականի դեկտեմբերի 5-ին: