Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական փոխշահավետ հարաբերությունները: Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը` հանդես գալով Բաքվում կազմակերպված ցուցահանդեսին:

«Ռուսաստանում բարձր են գնահատում ռազմավարական փոխշահավետ հարաբերությունները Ադրբեջանի հետ, որի հիմքում դրված է ակտիվ քաղաքական երկխոսությունը, ավանդական տնտեսական սերտ կապերը եւ արդյունավետ հումանիտար համագործակցությունը»,-հայտարարել է Նարիշկինը:

Վերջինիս ադրբեջանցի գործընկեր Ռամիզ Մեհտիեւը նշել է, որ երկրները կարող են ստեղծել իրենց ապագան` հենվելով երկկողմ հարաբերությունների պոտենցիալի վրա:

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունները շատ խորը եւ պատմական հիմքեր ունեն: Մեր երկրների հարաբերությունների մեջ կարեւոր դեր են խաղում ոչ միայն տնտեսական ռեսուրսները, այլեւ մարդկային պոտենցիալը»- հայտարարել է Մեհտիեւը:

Ուրբաթ Բաքվում բացվել է հումանիտար համագործակցության առաջին ռուս-ադրբեջանական համաժողովը , որի կազմակերպիչները երկրի պետական գերատեսչություններն են: Համաժողովի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքական կառույցների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական միավորումների եւ ստեղծագործական խորհուրդների փոխգործակցության հարցերը: