Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին եւ կարեւորելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում մասնավոր ընկերությունների մասնակցությունը, քաղաքապետն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է քննարկել եւ աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կծառայեն բնակչությանը եւ ուղղված կլինեն մայրաքաղաքի զարգացմանը:
«Երեւանի քաղաքապետարանի եւ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության միջեւ համագործակցության երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել տարբեր նախագծեր, որոնց հաջողվածությունը տեսանելի է: Վստահ եմ, որ մեր փոխշահավետ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ՝ ներգրավելով նաեւ այլ ոլորտներ»,-նշել է Տարոն Մարգարյանն` ընդգծելով, որ «ՋիԷնՍի-Ալֆան» լավ գործընկեր է քաղաքապետարանի համար, նաեւ պատրատակամություն է հայտնել ընդառաջել եւ աջակցել հետագա համատեղ ծրագրերում:
«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, անդրադառնալով քաղաքապետարանի հետ իրականացրած ծրագրերին, նշել է, որ այժմ ընկերության կողմից մշակվում են փոխշահավետ համագործակցության նոր փաթեթներ:
«Մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումները մեզ եւս պարտավորեցնում են սոցիալական եւ ներդրումային ուղղվածության տարատեսակ ծրագրեր կյանքի կոչել: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել Երեւանում, մասնավորապես լայնաշերտ ինտերնետի, մալուխային հեռուստատեսության եւ հեռախոսակապի ծառայությունների ուղղությամբ»,-նշել է Հայկ Ֆարամազյանը:
Հատկանշելով ընկերության կողմից իրականացված ծրագրերի արդյունավետությունը, մասնավորապես մայրաքաղաքում տեղադրված 70 տեսախցիկների համար օպտիկական մալուխի տեղակայման աշխատանքները, արձանների գեղարվեստական լուսավորումը, ինչպես նաեւ մայրաքաղաքի վեց այգիներում անվճար WiFi կապի ապահովման հարցը, քաղաքապետը տեղեկացրել է.
«2013 թվականին Երեւանում նախատեսում ենք նաեւ նոր ու ավելի մեծ այգիների հիմնում, որոնք եւս ապահոված կլինեն անվճար ինտերնետ կապով: Այս ծրագիրը մեր համաքաղաքացիների շրջանակում լայն արձանգանք է գտնել եւ ներկայացվել են մի շարք առաջրկներ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը զրուցել են նաեւ Երեւանի մի շարք դպրոցներում լայնաշերտ անվճար ինտերնետ ծառայությունների տրամադրման, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման այլ ծրագրերի շուրջ հարցեր: Նշենք, որ «Օգնիր Դպրոցիդ» կայքի ստեղծման եւ ներդրման աշխատանքները եւս իրականացվել են քաղաքապետարանի եւ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության փոխգործակցության արդյունքում:
Քաղաքապետի առաջարկությամբ առաջիկայում կձեւավորվի համատեղ աշխատանքային խումբ` պայմանավորվածությունները գործնական ծրագրերի վերածելու նպատակով:





























