Հայաստանի գործող իշխանությունները փորձ էին արել ավելի վերահսկելի դարձնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը, սակայն ձախողվեցին իրենց ծրագրերում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայացրած որոշումը՝ հայաստանյան պատվիրակության լիազորությունները չհաստատելու մասին:

«Փորձ էին արել պատվիրակությունը դարձնել ավելի կառավարելի: Համենայն դեպս, տեղի ունեցածով հաստատվեց, որ իշխանությունների ծրագիրը չի իրականանում, եւ իրենք կրկին անգամ ցուցադրեցին, որ չեն կարող անգամ հասնել իրենց նպատակներին, փոքր քայլ անել, որ կծառայի իրենց նպատակների իրականացմանը»,- նշեց Կարապետյանը եւ հավելեց. «Անգամ փոքր քայլերում ձախողվել են: Եւ մեկ-երկու օրով Հայաստանի պատվիրակությունը զրկվում է ձայնից այնպիսի կարեւոր կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, որտեղ տեղի ունեցան նախագահի նոր ընտրություններ եւ ընտրվեց ԵԽԽՎ թուրք ղեկավար»:

Հարցին, թե Հայաստանի համար հետեւանքներ կարո՞ղ է ունենալ ԵԽԽՎ ղեկին թուրք Մովլուդ Չավուշօղլուի ընտրությունը, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե Հայաստանում ամեն բան նորմալ լինի, խնդիրները կարգավորվեն, իշխանությունները կատարեն ստանձնած պարտավորությունները եւ չխաբեն թե սեփական ժողովրդին, թե միջազգային հանրությանը, որեւէ խնդիր չի լինի: Իսկ խնդիրներ կարող են լինել ցանկացած ղեկավարի դեպքում»: