Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում թեեւ չի հաստատվել Հայաստանի պատվիրակության կազմը, սակայն նա պահպանում է քվեարկելու իրավունքը։ Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով, հայկական պատվիրակության անդամները պահպանում են քվերարկելու իրավունքը եւ շարունակելու են մասնակցել նստաշրջանի աշխատանքներին, մինչեւ հանձնաժողովը հունվարի 28-ին կքննարկի պատվիրակության հարցը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության կազմը փոփոխության էր ենթարկվել հունվարի 15-ին։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը մշտական պատվիրակության անդամների շարքերից հանել էր ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փստանջյանի անունը եւ հրաժարվել էր ֆինանսավորել նրա հետագա գործուղումները։




























