Հայաստանի կառավարությունը որոշել է կյանքի կոչել Սեւանի շուրջ նոր անտառաշերտի ստեղծման ծրագիրը՝ 1100 հա մակերեսի վրա նոր անտառներ տնկելով: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 15-ի նիստում:

Նոր անտառաշերտ պետք է հիմնվի եւ «Սեւան» ազգային պարկի, եւ հարակից համայնքների տարածքում:

ՀՀ բնապահպանության նախարարության կազմած ծրագրում նշվում է, որ Գեղարքունիքի մարզը, որի տարածքում է «Սեւ» ազգային պարկը, ներկայումս  Հայաստանի Հանրապետության ամենասակավանտառ մարզերից մեկն է` անտառպատվածությունը մոտ 3% է: Սակայն Սեւանի ավազանի անտառպատվածությունը պատմական ժամանակաշրջանում եղել է շատ բարձր, ինչը վկայում են հնագիտական ուսումնասիրությունները: 

Նախատեսվում է 2-3 տարեկան սերմնաբուսակների տնկում` սոճի սովորական եւ Կովկասյան, հացենի սովորական, թեղի փետրաճյուղավոր, բարդի ձյունասպիտակ եւ կանադական, կեչի Լիտվինովի, կաղնի արեւելյան, դեղին ակացիա  եւ այլ ծառաթփատեսակներով: 

Անտառաճեցման նպաստավոր պայմանների առկայության դեպքում նախատեսվում է տնկման եղանակով անտառմշակույթների հիմնում անտառային բարձրարժեք պտղատու ծառատեսակներով` Հունական ընկուզենի, Կովկասյան տանձենի, արեւելյան խնձորենի եւ կեռասենի:

Ծրագրի ֆինանսավորումը 2014-2023 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել բարեգործական հիմնադրամներից եւ միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին: