Հունվարի 22-ին ԱՄՆ արեւելյան ափի` Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների հայ համայնքների կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների եւ ազգային բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 18-ամյակին նվիրված տոնակատարություն:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տոնական երեկոն, որը կազմակերպել էր Թեքեյան մշակութային միությունը, հագեցած է եղել մշակութային ծրագրով, հայկական բանակի մասին տեսաֆիլմի ցուցադրումով ու ելույթներով:

Ողջունելով Հայաստանի զինված ուժերի օրը նշելու կարեւոր նախաձեռնությունը` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում հիշում են այն հայորդիներին, ովքեր պայքարել են հայ ժողովրդի անկախության համար: Նա նաեւ նշել է, որ այս օրերին Հայաստանում եւ Արցախում ոգեկոչում են Բաքվում ու Ադրբեջանի հայաշատ մյուս քաղաքներում ազատության ու միասնության գաղափարին զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը: