Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, 2008թ հետընտրական իրադարձությունների արդյունքում 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի վիճակը շարունակում է ժամ առ ժամ վատանալ, իսկ պատկան մարմինները հրաժարվում են պատշաճ բուժօգնություն ցուցաբերել ազատամարտիկի կյանքը փրկելու համար: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Միքայելյանի հարազատները, միայն այս գիշեր երեք անգամ շտապօգնություն են կանչել Միքայելյանի համար, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Ավելին, նրան բուժող բժշկին տեւական ժամանակ է՝ թույլ չեն տալիս հեռանալ իր հիվանդի կողքից: NEWS.am-ի տեղեկություններով, Միքայելյանին միայն մի կարճ ժամանակով տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն՝ վիրակապման, սակայն կրկին հետ են բերել ՔԿՀ:
Առ այսօր հայտնի չէ՝ կտեղափոխե՞ն արդյոք Միքայելյանին քաղաքացիական որեւէ հիվանդանոց՝ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը կեսօրին մոտ խոստացավ մեկ ժամից պատասխանել մեր հարցերին, սակայն մինչ այժմ չի պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը, որ ազատազրկման է դատապարտվել 2008թ. մարտի 1-ին անգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքներով, դեկտեմբերին ծանր վիրահատության է ենթարկվել «Արմենիա» բուժկենտրոնում: Նա արցախյան պատերազմի ճանաչված հրամանատարներից է, «Սասուն» ջոկատի հրամանատարը:




























