Հայաստանի Զինված ուժերի բուժծառայութան կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ Պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈՒ Գերագույն շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմական բժիշկներ: Հանդիսության շրջանակում տեղի է ունեցել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսեցիների երդման արարողությունը:
Շնորհավորելով ներկաներին եւ դիմելով հայրենիքի պաշտպանի պատվաբեր գործն ընտրած երիտասարդներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում եւս մեկ անգամ արժեւորել է բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում, ընդգծել է, որ մեր բժիշկները սխրալից ճանապարհ են անցել Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները:
Բուժծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով մի շարք բուժծառայողներ եւ քաղաքացիական բժիշկներ պարգեւատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով:





























