Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության(ԳՄՀԸ) աջակցությամբ, նոյեմբերի 19-ին նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը համաժողովի բացմանը նշեց, որ քննարկման նպատակն է լսել քաղաքացիական հասարակության եւ գործադիր իշխանության տեսակետները հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Հերթական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում:

Հայկական պատվիրակության ղեկավարը փաստեց, որ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, եւ Հայաստանն ակտիվորեն է ներգրավված ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերում: Այս համատեքստում Սամվել Ֆարմանյանն անցնող տարին խիստ հագեցած համարեց՝ առանձնացնելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էական առաջընթացը ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի կենսագործման հարցում: Տարին աչքի է ընկել նաեւ Երեւան-Բրյուսել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով ու քաղաքական երկխոսության ընդլայնումով եւ մասնագիտական անդրադարձերով: Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում հանձնաժողովի համանախագահը կարեւոր համարեց նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական կառույցի՝ «Եվրանեսթի» գործունեությունը: «Խորհրդարանականների անկեղծ ցանկությունն է լսել քաղաքացիական հասարակության տեսակետները, առաջարկությունները, նոր գաղափարները, նաեւ՝ ծանոթանալ կառավարության մոտեցումներին»,-նշեց Սամվել Ֆարմանյանը:

Այս նախաձեռնությունն օգտակար ու արդյունավետ գնահատեց Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:

Քննարկման մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթթը: