Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում, նոյեմբերի 20-ին, քննության է առնվելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ղեկավար՝ Արթուր Սաքունց) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: ՀՀ վերաքննիչ դատարանը ստուգման է ենթարկելու ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2012 թ. հոկտեմբերի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Նարեկ Ափինյանի գործով:

Կազմակերպությունը պահանջում է բեկանել ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. հոկտեմբերի 8-ի որոշումը, վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ. Հովակիմյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության կողմից ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնել որոշում:

Հիշեցնենք, որ 2012 թ. օգոստոսի 17-ին՝ գիշերը, ոստիկանության աշխատակիցներն աշխատանքի վայրից բերման են ենթարկել Ն. Ափինյանին՝ իբր նա ականատես է եղել ինչ-որ ծեծկռտուքի: Այնուհետեւ ոստիկանության աշխատակիցների կողմից Ն. Ափինյանը ենթարկվել է հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: