40-ամյա տաքսու վարորդ Ա. Ց.-ն իրանցիներից 5-10 հազար դրամ միջնորդավճար վերցնելով, միջնորդել է, որ նրանք սեռական հարաբերություն ունենան Երեւանյան Լճի մարմնավաճառուհիների հետ: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 40-ամյա Ա. Ց.-ն 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Իրանի քաղաքացիներին միջնորդել է իրեն 5-10 հազար դրամ միջնորդավճար տալով սեռական հարաբերություններ ունենալ մարմնավաճառությամբ զբաղվող Ա. Հ.-ի, Ք. Խ.-ի եւ Լ. Խ.-ի հետ, իսկ որոշ դեպքերում էլ, հաճախորդներից ստանալով վերոհիշյալ մարմնավաճառներին վճարվելիք գումարները` յուրաքանչյուր անգամ դրանից իրեն է պահել 5-10 հազար դրամ` նպաստելով նշված անձանց կողմից պոռնիկությամբ զբաղվելուն:

Գործով ձեռք բերված ապացույցներով դատարանը հաստատված է համարել, որ  ամբաստանյալ Ց.-ն աշխատելով որպես Երեւանի «Արաբկիր» տաքսի ծառայության վարորդ, հաճախ կատարել է Իրանի քաղաքացիների պատվերները։

Նա Իրանի երեք քաղաքացու իր վարած տաքսի ավտոմեքենայով տեղափոխելով Երեւանյան լճի մոտ, նրանց ծանոթացրել է իր ծանոթ մարմնավաճառ Լ. Խ-ի հետ եւ միջնորդել է 10.000 ՀՀ դրամով սեռական հարաբերություն ունենալ այդ անձանց հետ։ Լ.-ն համաձայնվել է, որից հետո ամբաստանյալ Ց.-ն իր վարած տաքսի ավտոմեքենայով նրանց տեղափոխելով Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող բնակարան, Լ.-ն ստացել է 10.000 ՀՀ դրամ միջնորդավճարը եւ հեռացել։

Բացի այդ, 2011թ. մարտին ամբաստանյալ Ց-ն Իրանի 2 քաղաքացու խնդրանքով, իր վարած տաքսի ավտոմեքենայով նրանց տարել է Երեւանյան լճի մոտ, որտեղ հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթներ Ա-ին եւ Ք-ին եւ նրանց առաջարկել է գումարով սեռական հարաբերություն ունենալ Իրանի երկու քաղաքացիների հետ։ Համաձայնության գալուց հետո ամբաստանյալ Ց-ն իր վարած տաքսի ավտոմեքենայով նրանց տեղափոխել է Երեւանի Կոմիտասի փողոցում գտնվող բնակարան, Իրանի քաղաքացիներից ստացել է մարմնավաճառներին վճարվելիք 50.000 ՀՀ դրամը, որից 30.000 ՀՀ դրամը տվել է Ա-ին եւ Ք-ին, իսկ 20.000 ՀՀ դրամը վերցնելով հեռացել է։

Դրանից հետո 2011թ. հունիսի 3-ի լույս 4-ի գիշերն ամբաստանյալ Ց-նն Իրանի մեկ քաղաքացու իր վարած տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Երեւանյան լճի մոտ, որտեղ հանդիպել է մարմնավաճառ Լ-ն եւ նրան առաջարկել սեռական հարաբերություններ ունենալ Իրանի քաղաքացու հետ եւ համաձայնվելուց հետո, նույն ավտոմեքենայով նրանց տեղափոխել է հյուրանոց ու հաճախորդից վերցնելով 20.000 ՀՀ դրամ, Լ-ին տվել է 15.000 ՀՀ դրամը, իսկ 5000 ՀՀ դրամը վերցնելով հեռացել է, սակայն նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին։

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Ա. Ց-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով Ց-ին դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով։

Դատավճիռը բողոքարկվել է  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է դատավճիռը թողնվել է անփոփոխ: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: