ՀՀ իշխանությունների որոշմամբ, արդեն մի քանի օր է ինչ Գյումրու Մուշ 2 թաղամասում, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նորակառույց բնակելի շենքերի սեյսմակայունության համալիր ստուգումներ են սկսել անցկացնել «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ից NEWS.am-Ին հայտնում են, որ հասարակական կազմակերպությունը հունվարի 18-ին նման պահանջով բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահին եւ վարչապետին: Նամակում մասնավորապես ասվում էր. «2009 թվականին, երբ աղետի գոտում եւ հատկապես Գյումրիում երկարատեւ դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթեւան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք եւս կունենան ամուր, հարմարավետ եւ լուսավոր բնակարաններ: Սակայն դեռեւս շինարարության ընթացքում գյումրեցի անօթեւան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին»:
«Շիրակ կենտրոնը» 2009 թ. դեկտեմբերի 1-ից Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է «Աղետի գոտու անօթեւանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի եւ հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում հանդիպումներն ու դիտարկումները ցույց են տվել, որ նման տեղեկությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց նույն «Գլենդել Հիլզի» շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից:
Այնուհետեւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն նույն նամակով առաջարկել էր, որպեսզի ստեղծվի մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհանրայնացնի:




























