Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ներմուծած սարքավորումների համար տրամադրված «ժամանակավոր ներմուծում» ռեժիմը կերկարաձգվի մինչեւ 2015 թվականը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով համապատասխան որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

«Գլորիան» ստեղծվել է Վանաձորի «Ստիլիսսա»  կարի ֆաբրիկայի բազայի վրա եւ փաստացի հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:

Ընկերության հիմնադիրներն են իտալական SARTIS ընկերությունը եւ Վանաձորի STYLISSA  կարի ֆաբրիկան՝ 50-ական տոկոս մասնաբաժիններով:

«Գլորիան» իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակաով՝ SARTIS-ի պատվերների հիման վրա, որի համար հումք ու նյութերը ներմուծվում են «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով։ Այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք առաքելու համար` ներմուծվում են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը «Գլորիային» ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգել է 2010 թ.՝ առանց ֆինանսական վարձակալության պայմանագրի, ինչը պարտադիր է տվյալ դեպքում: Այդ պատճառով ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը դեռ այն ժամանակ առարկել են արտոնության տրամադրմանը; Այս երկու գերատեսչությունները առարկություններ ունեն նաեւ նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում հայտնված որոշման դեմ։ Ըստ ՊԵԿ-ի՝ խախտվել է դիմումի ներկայացման ժամկետը (դիմումը պետք է ներկայացվեր ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ): Ըստ ֆինանսների նախարարության՝ հայտը լրացված է թերի, օրինակ՝ ապրանքներ տեղափոխող իրավաբանական անձի անվանումը բացակայում է: