«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի կենսագրությանն ու սեփականություններին ծանոթ յուրաքանչյուր պատանի հաստատ կցանկանա նկարիչ դառնալ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

 «Էլ ինչ իրավաբան, ինչ ոստիկան, ինչ շոուբիզնես ու բժշկություն։ Ախոյանն իր կենսագրությամբ հաստատել է մի բան. Հայաստանում ընդամենը գեղարվեստի ուսումնարանն ավարտելն ու նկարիչ չդառնալը լիովին բավարար են, որ ոչ միայն երկու անգամ ԱԺ պատգամավոր ընտրվես, այլեւ քարհանքի ու շինարարական ընկերության 100 տոկոսանոց սեփականատեր դառնաս։ Ուսումնասիրելով ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Ախոյանի հայտարարագիրը, պարզում ենք, որ նա «Հայկ Արշին» եւ «Միրոյան Տուֆ» ընկերություններում ունի 100 տոկոսանոց բաժնեմաս։ «Անշարժ գույք» բաժնում նա հայտարարագրել է բնակելի տուն եւ հողամաս՝ ընդհանուր 300 քմ մակերեսով։ Ունի 1 ավտոմեքենա՝ Toyota LC 200 4.7 GAS: Ախոյանի հաշվետու տարվա եկամուտը (այս տարվա մարտի 3-ի դրությամբ) կազմել է 26 մլն 600 հազար դրամ, որից պատգամավորական աշխատավարձը՝ 3 մլն 600 հազար դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 10 մլն ՀՀ դրամ։ Թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, Ախոյանը չունի»,- գրում է «Հայկական ժամանակը»։