Հունվարի 26-ին տեղի է ունեցել ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը (հրավիրյալի կարգավիճակով) եւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցը: Քննարկելով խնդիրը եւ լսելով պատվիրակության անդամների ներկայացրած փաստարկները՝ հանձնաժողովը որոշել է, որ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը նշանակվել է ԵԽ կանոնադրության հոդված 25-ին եւ ԵԽԽՎ կանոնակարգի հոդված 6-ին համապատասխան, եւ հետեւաբար Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մանդատները պետք է հաստատվեն:
Հանձնաժողովն ուսումնասիրելով տիկին Փոստանջյանի կողմից ներկայացված գրավոր տեղեկանքը` զեկույցի բացատրական մասում արձանագրել է. «Հանձնաժողովը գտնում է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որեւէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, որ պատվիրակությունը ձեւավորվել է օրենքի խախտումներով»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կարծիքը ընդունվել է միաձայն:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը փոխվել էր հունվարի 15-ին: Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատվիրակության մշտական կազմից հանել էր «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին եւ հրահանգել չֆինանսավորել եւ չկազմակերպել նրա գործուղումները:




























