Հայաստանի Սսահմանադրական դատարանը դեռ չի որոշել, թե երբ է լինելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայցով նիստի օրը: ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը NEWS.am-ին հայտնեց, որ ՍԴ-ում դեռ քննարկում են Փաշինյանի հայցը, եւ դրա համար դեռ 10 օր ժամանակ կա: ՍԴ-ն դրանից հետո աշխատակարգային նիստ է գումարելու՝ որոշելու հայցի քննարկման օրը եւ ժամը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր հայցով ՍԴ-ից պահանջում է չեղյալ հայտարարել է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտությունների արդյունքները:

Փաշինյանի լիազոր-ներկայացուցիչները ՍԴ-ին են ներկայացրել հունվարի 10-ին կայացած ընտրության ժամանակ տեղի ունեցած բոլոր խախտումներն ու համապատասխան տեսանյութերը:

Փաշինյանը խնդրել է նաեւ դիմումի քննությունը նշանակել բանավոր ընթացակարգով, նաեւ միջոցներ ձեռնարկել դատական քննարկումներին իր մասնակցությունն ապահովելու համար։

Նշենք, որ հունվարի 10-ին կայացած ընտրություններում հաղթանակ էր տարել «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը: Ընդդիմության պնդմամբ՝ ընտրություններն անցել էին բռնությունների եւ ընտրակեղծիքների մթնոլորտում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հունվարի 19-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի