Թուրք-իսրայելական վերջին աթոռային ճգնաժամի հեղինակ Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հիշյալ իրադարձություններից հետո առաջին անգամ թուրքական մամուլի ներկայացուցիչներին հարցացրույց է տվել։
Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԵԽԽՎ-ի նորընտիր թուրք նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի հետ եւ այնուհետ զրուցել թուրք լրագրողների հետ։
Դանի Այալոնը լրագրողներին ասել է, որ թուրք-իսրայելական հարաբերություններում կողմերը պետք է փոխադարձ հարգանքով եւ բարեկամաբար վերաբերվեն միմյանց եւ խուսափեն լարվածությունը ավելացնող թեմաներից։ Իսրայելի փոխարտգործնախարարը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում թուրք նախագահի ընտրությանը, նշել է, որ կարեւոր զարգացում է, երբ ԵԽԽՎ-ի նախագահ է դառնում մահմեդական երկրի ներկայացուցիչը, ինչը կխթանի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի կապակցությամբ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները Իսրայելի կողմից պահանջեցին պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած՝ Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։
Իսրայելում Թուրքիայի դեսպանին նսեմացման համար Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարարը մեղադրել է արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին։ Թուրք դեսպանի պատիվը պահող առեւտրի նախարար Բեն Էլիզերը Լիբերմանին ասել է, որ նրան շաուրմա կսարքի, իսկ թուրք դեսպանի նսեմացման քաղաքականության հեղինակ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Բեն Էլիզերին անվանել է տնական շուն։




























