Հայաստանում ճապոնական կինոյի փառատոնի անցկացումից հետո միանշանակ աճել է հետաքրքրությունը Ճապոնիայի մշակույթի եւ արվեստի հանդեպ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է հայ-ճապոնական «Խիկարի» գիտակրթական մշակութային կենտրոնի փոխնախագահ եւ ճապոներենի ուսուցիչների ասոցիացիայի անդամ Ռուզան Խոջիկյանը:

«Մեզ անընդհատ զանգահարում են, հետաքրքրվում կենտրոնի աշխատանքներով, ցանկանում են իմանալ ավելին: Մենք բաց ենք բոլորի համար, ով սիրում եւ հետաքրքրվում է Ճապոնիայով: Ներկայումս մեր «սաները» տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդիկ են»,-ասել է նա:

Անդրադառնալով նոյեմբերի 2-6-ին, Երեւանում եւ Գյումրիում անցկացված ճապոնական կինոյի փառատոնին, Խոջիկյանը նշել է իրենց կազմակերպությունում Ճապոնիայի ներկայացուցիչների մեծ ներդրումը: Փառատոնի շրջանակներում ներկայացվել են օրիգամի եւ իկեբանա: Իկեբանան պատրաստել էր Հիսակո Նայտոն, ով արդեն մեկ տարի է, ապրում է Երեւանում եւ ճապոներեն է դասավանդում Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում:

Փառատոնի բացման ժամանակ հնչած երաժշտության հեղինակը երիտասարդ ճապոնուհի Սակոտո Իսիձեն է: «Հին ժամանակներ» ստեղծագործությունը գրվել է ստոիկյան ոճով: Ցավոք, Հայաստանում չկան համապատասխան երաժշտական գործիքներ, ուստի որոշվել է օգտագործել դասական գործիքներ:

«Հույս ունենք, որ հետագայում Իսիձե սանի ստեղծագործությունները բազմիցս կհնչեն Հայաստանի բեմերում»,-ամփոփել է Ռոզան Խոջիկյանը: