51-ամյա Ս. Ս.-ն նախկին կնոջից վրեժխնդիր լինելու համար այրել է նրա վագոն տնակը, իսկ վրեժխնդրության պատճառը հանդիսացել է ամուսնալուծության գործընթացը: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 51-ամյա Ս. Ս.-ն ալկոհոլի ազդեցության տակ, նախկին կնոջ` Ս.Մ.-ի կողմից, իրեն վագոն տնակից վտարելու համար դատարան դիմելու պատճառով վերջինիս սպառնացել է, որ այրելու է վագոն տնակը:
Տղամարդը վերցրել է չոր խոտ, գնացել իր հարեւանությամբ գտնվող Ա.Բ.-ին պատկանող շարժական վագոն տնակը եւ խոտը այրելու միջոցով առաջացրել է հրդեհ, որի արդյունքում հրկիզել է Ա.Բ.-ի շարժական վագոն տնակը` պատճառելով խոշոր չափերի` 700 հազար դրամ վնաս:
Քրեական գործ է հարուցվել 185 հոդվածի 2-րդ մասի 1,2 կետերով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով եւ պատճառել է խոշոր չափերի վնաս: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 20-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























