Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը որոշել է վաճառել ընկերությունը: Նա rbcdaily.ru-ին հաղորդել է, որ ակնկալում է գործարքն ավարտել երկու-երեք շաբաթում: Այժմ պոտենցիալ գնորդների հետ բանակցություններ են տարվում:

Սեփականատերը «Արմավիայի» վաճառքի հիմնական պատճառ է նշել տնտեսական ճգնաժամը, նաեւ՝ ռուսական նորագույն Superjet ինքնաթիռի շահագործումից կրած կորուստները: «Հավակնորդների մեջ ռուս ներդրողներ չկան, սակայն  կան իտալացիներ, գնորդներ Արեւելքից», - նշել է ավիաընկերության սեփականատերը: Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է ավիափոխադրողի կապիտալում նոր սեփականատիրոջ մասնակցության ձեւի հարցը:

Ինքնաթիռի մատակարարին մոտ կանգնած աղբյուրը խմբագրությանը հայտնել է, որ  «Արմավիան»  Superjet-ը պարտքով է շահագործում, այն դեռ գրավի տակ է: Նա նշել է, որ  ավիափոխադրողի պարտքային բոլոր պարտավորությունները կփոխանցվեն նոր սեփականատիրոջը, եւ հավելել է, որ նման իրադրությունը վկայում է ընկերության անարդյունավետ կառավարման մասին:

Իր հերթին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռների» պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ «Արմավիան» կշարունակի շահագործել Superjet-ը՝ արտոնագրային համաձայնագրի շրջանակում: «Դրանք կշահագործվեն 2013թ. սկզբից՝ իբրեւ վարձակալության պայմանագիր», - ասել է նա:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Արմավիան» գնելու ցանկություն էին հայտնել մի քանի ընկերություններ, որոնցից մեկը՝ իտալական, սակայն հարցը դեռ բանակցությունների փուլում չէ: «Արմավիա» ընկերությունը վաճառելու որոշման պատճառը պարտքերի հետեւանքով ծագած ֆինանսական դժվարություններն են: «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի անգամ արդեն դադարեցրել է «Արմավիայի»  թռիչքները՝ պարտքի թույլատրելի ծավալը գերազանցելու համար:

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ.:  2005-ին բաժնետոմսերի ամբողջական փաթեթը ձեռք է բերել «Միկա Լիմիտեդ»-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովը՝ Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը: Ավիափոխադրողը դեպի 20 երկիր 100-ից ավելի չվերթ է իրականացնում: