Երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացումը շատ կարեւոր հարց է Հայաստանի համար: Դա նշանակում է երկաթուղային տրանսպորտով  Վրաստանի միջոցով Ռուսաստան բեռնափոխադրում եւ հետադարձը, ինչը զգալի կբարելավի տրանսպորտային լոգիստիկան եւ կնվազեցնի ներկրողների եւ արտահանողների ծախսերը: Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացման հավանականության մասին վրացական իշխանությունների հայտարարությունը:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար, որի սահմանի մեծ մասը  շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ցանկացած նոր տրանսպորտային տարանցիկ միջանցք լրացուցիչ պայմաններ է ստեղծում արտադրության, առեւտրի, զբոսաշրջության զարգացման եւ ընդլայնման համար: Այդ պատճառով էլ այդ հարցում ոչ մի կասկած չի կարող լինել», - ասել է նա:

Հարցին, թե  նախատեսում է արդյոք Հայաստանը միջնորդական կամ լոբբիստական մասնակցություն ունենալ տվյալ հարցում, վարչապետը նշել է, որ այդ հարցը դեռեւս չի քննարկվել: «Այսօրվա դրությամբ մեր օրակարգում միջնորդական կամ լոբբիստական միջոցառումներ չկան: Ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները: Այստեղ պետք է աշխատել մի վնասիր սկզբունքով», - ասել է նա:

Խոսելով Երեւան-Բաթում ավտոմայրուղու մասին` Տ. Սարգսյանը հայտնել է, որ դա Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային արագընթաց  ճանապարհ է, որն իրականացվում է Զարգացման ասիական բանկի հետ համատեղ` մինչեւ 500 միլիոն վարկային ռեսուրսների ներգրավմամբ: «Նույնպիսի ծրագիր է իրականացվում Վրաստանի տարածքում: Այդ արագընթաց ճանապարհները կինտեգրացվեն: Մենք խիստ շահագրգռված ենք դրանում, քանի որ Հայաստանի տարածքում  ժամանակակից արագընթաց ճանապարհներ դեռեւս չկան, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Դա, իհարկե, շատ թանկ ճանապարհներ են… Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:  ԶԱԲ-ը նաեւ համակարգում է այլ վարկատուների հետ աշխատանքը, որոնք հետագայում կմասնակցեն այդ նախագծի ֆինանսավորմանը», - ասել է նա: