Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության երեւանյան գրասենյակը դադարեցրել է փաստաթղթերի ընդունումն այն քաղաքացիներից, որոնք «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում ցանկանում են տեղափոխվել եւ մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում՝ երեկ տեղեկացրել է BBC–ն, հավելելով, թե քաղաքացիներին գրասենյակում խորհուրդ են տալիս սպասել մինչեւ 2013 թվականի հունվարի 10-ը։  Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«BBC-ն նշում է, որ մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից մինչ ուրբաթ գրասենյակի առջեւ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ հերթ էին կանգնում, որպեսզի ընդգրկվեն «Համերկրացիներ» ծրագրում եւ հեռանան Հայաստանից։ Նշվում է, որ չնայած ՀՀ իշխանությունները դեմ են ծրագրին, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անընդունելի է համարել այդ գրասենյակի գործունեությունը Հայաստանում, քանի որ դա նպաստում է արտագաղթին, բայցեւայնպես ՌԴ իշխանությունները շարունակել են ծրագիրը։ 2006-ին գործարկված այս ծրագրի ժամկետը լրանում էր 2012-ին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ հատուկ հրամանագրով երկարաձգել էր ծրագրի իրականացման ժամկետը։ Այնպես որ, ենթադրվում է, որ փաստաթղթերի ընդունման դադարեցումն այլ պատճառներ ունի եւ ժամանակավոր բնույթ է կրում, ուստի հազիվ թե կապ ունենա Հայաստանի իշխանությունների բողոքների հետ»,- գրում է «Հայկական ժամանակը»։