«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունը, թե Հայաստանին եւ Ադրբեջանին երկու շաբաթ ժամկետ է տրվում՝ հայտնելու իրենց առաջարկները ղարաբաղյան հակամարտության շուրջ դեռեւս համաձայնության չեկած դրույթների շուրջ, կարելի է կողմերի վրա իբրեւ ճնշում դիտարկել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով, այս կերպ փորձ է արվում ինչ-որ ժամկետներում ինչ-որ բաներ պարտադրել հակամարտող կողմերին. «Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմից դուրս գտնվել, Մինսկի խումբը գիտակցում է, որ պետք է անի ամեն բան՝ կողմերին հանդիպեցնելու եւ նրանց տեսակետներն իրար մոտեցնելու համար»,- նշեց Կիրո Մանոյանը՝ ավելացնելով, որ եթե Ադրբեջանն ի վերջո համաձայնի Ղարաբաղի կագավիճակի ձեռքբերման հարցում, Հայաստանի վրա ճնշումն ավելի կմեծանան։

Անդրադառնալով այն փաստին, որ Մադրիդյան փաստաթղթի ներածական մասում ամրագրվել է հետագա բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն համոզմունք հայտնեց, որ դրա մասին Մինսկի խմբի համանախագահներն հայտարարում էին նաեւ սրանից առաջ եւ այժմ միայն վերահաստատում են իրենց այդ հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին պետք է հենց սկզբից մասնակցեր՝ մինչեւ Մադրիդյան սկզբունքների որդեգրումը։ Այժմ այդ մասնակցությունն այդքան էլ օգտակար չէ»,- ամփոփեց Կիրո Մանոյանը։