Հունվարի 26-27 ընկած ժամանակահատվածում Hi Line ծառայությունից օգտվող որոշ բաժանորդների ինտերնետ կապի անջատումը հարկադրված միջոց է եղել: Այն մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրին «Արմենթել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունում` նշելով, որ Hi-Line ծառայության հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հայտնաբերել էր չարտոնված մուտքեր հաճախորդների կողմից օգտագործվող սարքավորումներին: Ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել չարաշահումները արդյունավետ բացահայտելու և կանխելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել, իսկ գործողություններն ընթացել են խիստ գաղտնիության պայմաններում: Այդ պատճառով, գործողությունների վերաբերյալ ինչպես բաժանորդները, այնպես էլ ընկերության աշխատակիցները, բացի անմիջապես գործողության մասնակիցներից, նախապես չեն տեղեկացվել: «Արմեթել»-ից NEWS.am-Ինովացիա-ի թղթակցին տեղեկացրին, որ բարեխիղճ բաժանորդների ինտերնետ կապն արդեն վերականգնված է: