ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են հողագործության, կրծողների դեմ պայքար եւ մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ կառավարության լրատվության բաժնից, համապատասխան հանձնարարականներ տալով՝ վարչապետն ընդգծել է մոնիթորինգի անցկացման անհրաժեշտությունը՝ պարզելու համար հանրապետության տարբեր շրջաններում կրծողների տարածված լինելու աստիճանը։
Արա Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է նախօրեին Հադրութում տեղի ունեցած խորհրդակցության մասին, որի ժամանակ քննարկվել են շրջանի զարգացման հետ կապված մի շարք հարցեր։ Վարչապետն իր դժգոհությունն է հայտնել լիազորված անձանց անհետեւողական աշխատանքի նկատմամբ եւ հայտարարել է, որ համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մոտ ժամանակներս կհաստատվի անասնաբուծության զարգացման պետական ծրագիրը։ Կառավարությունը լուրջ աջակցություն կցուցաբերի անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերներին։ Զգալի օգնություն կցուցաբերվի հողագործներին։ Նրանց հետ հատուկ աշխատանք կտարվի։ Վարչապետը մասնակիցներին կոչ է արել խնայողաբար օգտագործել ջրային պաշարները։



























