2009թ. Հայաստանի թիվ մեկ հարկատուն «Հայռուսագազարդ» ընկերությունն է:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 300 խոշոր հարկատուների տվյալներով, «Հայռուսգազարդը» 2009թ. վճարել է 18 մլրդ 414 մլն դրամ հարկ: Ընդ որում, այդ ցուցանիշը 3 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից՝ 17 մլրդ 881 մլն դրամ:
2-րդ տեղում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունն է՝ 16 մլրդ 120 մլն դրամ վճարած հարկերով: Այս ընկերությունը 2008թ. վճարել էր 12 մլրդ 535 մլն՝ շուրջ 29 տոկոսով պակաս:
3-րդ տեղում հանգրվանել է անցած տարվա առաջատարը՝ «Ղ-Տելեկոմը» (ապրանքային նշանը՝ Վիվասելլ-ՄՏՍ)՝ 15 մլրդ 916 մլն դրամով, մինչդեռ անցած տարի վճարել էր 30 մլրդ 796 մլն դրամ հարկ:
Առաջին քսանյակում են նաեւ Արմենթելը՝ 14 մլրդ 38 մլն, «Ֆլեշը»՝ 11 մլրդ 425 մլն, «Սիթի փեթրոլ գրուպը»՝ 8 մլրդ 896 մլն, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 6 մլրդ 382 մլն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 6 մլրդ 337 մլն, «Վիդիս Դիսթրիբյուշն»-ը՝ 6 մլրդ 168 մլն, «Ինթերնեշնլ Մասիս տաբակը»՝ 5 մլրդ 687 մլն, «Օրանժ Արմենիա»-ն՝ 4 մլրդ 395 մլն, «Արմենիա» միջազգային օդանավակայանները՝ 3 մլրդ 549 մլն, «Գրանդ Տոբակոն»՝ 3 մլրդ 418 մլն, Հայաստանի ատոմակայանը՝ 3 մլրդ 119 մլն, «Միկա քորփորեյշն»-ը՝ 2 մլրդ 999 մլն, «Սովրանո»-ն՝ 2 մլրդ 535 մլն, «ACBA-Կրեդիտ ագրիկոլ» բանկը՝ 2 մլրդ 340 մլն, «Դիսթրիմեքս»-ը՝ 2 մլրդ 328 մլն, «Արդշինինվեստբանկ»-ը՝ 2 մլրդ 294 մլն, «Արսօյլ» համատեղ ձեռնարկությունը՝ 2 մլրդ 222 մլն դրամ վճարած հարկերով:



























