Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռությանբ Երեւանում մեկնարկեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երեւանի արտակարգ իրավիճակների մշտական գործող եւ տարհանման հանձնաժողովները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։
Ուսումնավարժության հիմնական նպատակներն են`
- ստուգել եւ կատարելագործել ՀՀ ԱԻ պետական եւ Երեւանի ԱԻ մշտական գործող ու տարհանման հանձնաժողովների հմտությունները եւ ունակությունները.
- ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի եւ միջոցների պատրաստականությունը` փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.
- կատարելագործել կառավարման մարմինների եւ արձագանքող ուժերի փոխգործակցությունը.
- ստուգել ՀՀ ԱԻՆ եւ Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երեւանի աղետի կառավարման պլանը։
Ըստ կառավարման մակարդակի` ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը տեղակայված է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի (ՃԿՊԱ) շենքում, իսկ Երեւանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները` Երեւանի քաղաքապետարանում։
Մտահղացման համաձայն` նոյեմբերի 30-ին, ժամը 06.37-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Գառնի համայնքից 8 կմ հյուսիս-արեւելք:
Ավերվել են հազարավոր շինություններ, կան մարդկային զոհեր: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երեւանում՝ հատկապես Ավան, Նոր Նորք եւ Արաբկիր վարչական շրջաններում: Ըստ կանխատեսումների կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Շարքից դուրս են եկել Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը: Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել կոմունալ ցանցերում` գազամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերում եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Առաջացել են հրդեհների բազմաթիվ օջախներ, վնասվել են հիվանդանոցները եւ կենսաապահովման կազմակերպությունները: Հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան: Նրանք փորձում են փլատակներից դուրս բերել իրենց տուժած հարազատներին` աշխատելով ձեռքով եւ ձեռքի տակ եղած գործիքներով:
Երկրաշարժի հետեւանքով մասնակի փլվել են Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքերը: Վնասվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական շենքը եւ թռիչքուղին:
Ուսումնավարժության առաջին (տեսական) փուլում իրականացվեց մասնակիցների ազդարարումն ու հավաքը։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, ՀՀ ԱԻՆ ԲՊԱՀՎԿՎ պետ, գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցեց ստեղծված իրավիճակի մասին` նշելով, որ փրկարարաորոնողական աշխատանքներին մասնակցում է 197.722 մարդ եւ օգտագործվում է 5649 միավոր ինժեներական տեխնիկա, իսկ տարհանված բնակչության թիվը հասնում է 690.410-ի:
Ըստ պաշտպանության նախարարության օդային հետախուզության տվյալների, որոնք ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ, գնդապետ, Հ. Հարությունյանը, փլուզման ծավալներն ընդգրկում են 12.915 քառ. կմ տարածք:
Ուսումնավարժության ղեկավար, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Վ. Գաբրիելյանը ներկայացրեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի» կիրարկման վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու խնդիր դրեց մասնակիցների առաջ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի բացահայտման եւ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Դրան հաջորդեց խաղարկման խմբի զեկույցը, որը ներկայացրեց «աղետի գոտուց» ստացված ավելի ճշգրտված տեղեկությունները: Մասնավորապես` առավել մեծ թվով բնակելի շինություններ են փլուզվել Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք եւ Շենգավիթ վարչական շրջաններում` ընդհանուր թվով 1838: Վթարվել է Գառնի-Երեւան ջրատարը: Մասնակի փլուզվել են Ղազախստանի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատները: ՉԻ գործում բջջային հեռախոսակապը: Գրանցվել է 13 խոշոր հրդեհ: Ժամը 10:22-ին գրանցվել է նոր երկրաշարժ` 6.5 մագնիտուդ ուժգնությամբ: Նախնական տվյալների համաձայն փլատակներից դուրս է բերվել 633 մարդ, որոնցից զոհվել են 23-ը: Փլուզումներ են գրանցվել նաեւ հանրապետության ողջ տարածքում` 295 բնակելի շենք:
Հետախուզության տվյալներով պարզվել է, որ ավերիչ երկրաշարժի գոտում հայտնվել է 11.845 շենք, զոհերի քանակը կարող է հասնել 55.000-ի, իսկ վիրավորներինը 38.000-ի: 120.000 մարդ մնացել է անօթեւան:
Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլը կմեկնարկի 16:00-ին:





























