«Հրապարակը» գրում է, թե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ եւ ՀՀԿ ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ երեկ բավականին ուշագրավ համաձայնություն ձեռք բերվեց՝ 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը հետաձգել մինչեւ մեկ տարի: Հայտնի է, որ ՀԱԿ խմբակցությունն էր որոշման նախագծի հեղինակը:
Նախագիծը հանձնաժողովում ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց, որ հանձնաժողովի ստեղծման որոշումը կայացվի այսօր, միաժամանակ սահմանել, որ հանձնաժողովը կգործի նախագահական ընտրություններից հետո, տեսակետին հավանություն տվեց նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն Դավիթ Հարությունյանը համառորեն պնդեց, որ հարցը հետաձգվի մեկ տարի ժամկետով: Նա խորհրդարանական մեծամասնության անունից խոստացավ, որ եթե Գագիկ Ջհանգիրյանը կատարի իրենց նախապայմանները, ապա ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը նախագահական ընտրություններից հետո կողմ կքվեարկեն հանձնաժողովի ստեղծմանը:
Իսկ նախապայմանները սրանք էին. ՀԱԿ խմբակցությունը հիմնավորումները պետք է դարձնի չեզոք, եւ որ դրանք չպարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմը պետք է լինի հավասարակշռված: Ջհանգիրյանի առաջարկած նախագծի համաձայն, խմբակցություններից յուրաքանչյուրը հանձնաժողովում պետք է ունենա մեկական անդամ, դա նշանակում էր, որ ՀՀԿ-ՕԵԿ խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողովում լինելու էր փոքրամասնություն: Հարությունյանն առաջարկում է, որ հանձնաժողովում ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միասին ունենան 50 տոկոսանոց ներկայություն:
Տարօրինակ կերպով Գագիկ Ջհանգիրյանն անվերապահ վստահեց ՀՀԿ-ին եւ համաձայնեց Դավիթ Հարությունյանի ներկայացրած բոլոր պահանջներին, ինչի արդյունքում էլ հարցի քննարկումը հետաձգվեց մեկ տարով: Գագիկ Ջհանգիրյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կկատարի ձեռք բերված ջենթլմենական համաձայնությունը: Հանձնաժողովը Ջհանգիրյանի անհամաձայնության դեպքում կքվեարկեր հարցը եւ մեծամասնության շնորհիվ բացասական եզրակացություն կտար դրան:
ՀՀԿ-ՀԱԿ, ավելի ճիշտ՝ Ջհանգիրյան-ՀՀԿ համաձայնությունը թերեւս բավական տարօրինակ է նախկին համանման հանձնաժողովի գործունեության եւ իշխանության վարքագծի պարագայում: Նիկոյանական անվանումը ստացած մարտի 1-2-ի դեպքերը քննող հանձնաժողովի խայտառակ եզրակացությունները չմարսած, փաստորեն, ՀԱԿ-ն անբացատրելի վստահություն է ցուցաբերում ՀՀԿ-ի նկատմամբ եւ հույս կապում նրա խոստումների հետ, մինչդեռ պարզ է, որ նոր բացահայտումներ չեն լինելու:
Պետաիրավականում ձեռք բերված համաձայնությունը երեկ ցնցումներ էր առաջացրել ՀԱԿ-ում: Որոշ տեղեկություններով, խմբակցությունում անակնկալի են եկել, իսկ Գագիկ Ջհանգիրյանն ու Լեւոն Զուրաբյանը կոշտ զրույցի են բռնվել հենց ԱԺ միջանցքում: Թեեւ Զուրաբյանը փորձեց վստահեցնել, որ իրենք ֆրակցիայում քննարկել են հարցը «եւ պատրաստ են Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը նախագահական ընտրություններից հետո»: Թե որտեղի՞ց էին նախապես տեղյակ, որ ՀՀԿ-ն առաջարկելու էր այդ ժամկետում ստեղծել հանձնաժողով, Զուրաբյանը փոքրիկ դադարից հետո վրա բերեց, որ իրենք բոլոր տարբերակները քննարկել են:
...Տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ը շանտաժ է անում ԲՀԿ-ին, ով մինչեւ վերջերս ջերմորեն գործակցում էր ՀԱԿ-ի հետ, խոսում միասնական թեկնածուի առաջադրման մասին, սակայն այսօր հայտարարում է, թե ժողովուրդը ցանկանում է, որ Ծառուկյանն առաջադրվի: Եվ հիմա իր հերթին ՀԱԿ-ն է ԲՀԿ-ին հաթաթա տալիս, որ իրեն օգտագործելու դեպքում կարող է գործակցել նույնիսկ ՀՀԿ-ի հետ եւ այն էլ այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին մարտի 1-ի խնդիրն է:




























