«168 ժամ» թերթը զրուցել է ՀԱԿ նախկին անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, օրերս խսելով Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին, որում նա իր աջակցությունն էր հայտնել թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածուին, ասել էր, թե նրա քայլը համաձայնեցված չէր կուսակցության հետ։ Լ. Զուրաբյանը նրան անվանել էր Սերժ Սարգսյանի «ստրուկը», ինչին շատ արագ հետեւել էր Գյումրիի քաղաքապետարանի մամլո խոսնակի պատասխանը՝ «Լյովիկ, հստակեցրու, թե ում ստրուկն ես դու»։ Այս բանավեճը ինչպես կազդի վերջերս ջերմացած ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների վրա։

- Ինձ հետաքրիր չէ այդ թեման։

- Այսինքն՝ ՀԱԿ-ի եւ «Բարգավաճի» համագործակցությունն այսօր քաղաքական դաշտում գործոն չէ՞։

- Գործոն է, բայց այդ գործիչներն ինչ են անվանել իրար, ի՞նչ կապ ունի դրա հետ։

- Երկու քաղաքական ուժերի գործիչներ վիրավորել են միմյանց։

- Այդ երկու գործիչներն էլ ոչ մի վճռորոշ խոսք չունեն իրենց ներկայացրած ուժերում:

- Բայց Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ համակարգողն է։

- Լեւոն Զուրաբյանը համակարգողն է, բայց ինչպես տեսնում ենք ի սկզբանե եւ մինչեւ հիմա ոչինչ չի համակարգել: Որպեսզի կատարեր այդ դերը, ՀԱԿ մասնակից կուսակցությունները պետք է ինչ-որ ինքնուրույն գործունեություն ծավալեին, որպեսզի համակարգելու խնդիր առաջանար։ Նա ինչպես եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, նրա խոսքը մասնակից կուսակցություններին եւ հանրությանը հաղորդող, այդպես էլ մնացել է։

- Հնարավո՞ր է, որ երկու կողմերից էլ հայտարարեն, որ նրանց հայտարարությունները համաձայնեցված չէին՝ համագործակցությանը չվնասելու համար։

- Ամեն ինչ էլ հնարավոր է, քանի որ այդ ալյանսն անբնական ալյանս է, բայց էլի եմ կրկնում, եթե այդ գործիչների միջեւ լեզվակռիվ է եղել, վեճ կամ վիրավորանքներ են եղել, այդ գործիչները որոշիչ ուժեր չեն, դա էական նշանակություն չի կարող ունենալ...»,- մեջբերում է «168 ժամը»: