«Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջեւ: Պետականության կորստի, ուրեմն եւ բանակի բացակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել՝ սկսած միջնադարից մինչեւ 1915 թվական, մինչեւ Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու: Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայկական Բանակի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձի մեջ:

Ըստ նախագահի՝ «այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին եւ մասնավորապես այն կամավորներին, որ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի: Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի եւ ազատության զոհասեղանին: Հավերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին:

Պատերազմի բերած արյան ու արցունքների մեջ, կրակների մեջ ծնվեց Հայկական բանակը, որ շարունակում է զարգանալ ու հզորանալ: Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ»:

Նախագահը նշել է, որ առանց մարտունակ զինված ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հավասարակշռություն, ուրեմն եւ՝ խաղաղություն ու կայունություն: «Մեր բանակի դերն այսօր չի սահմանափակվում միայն երկրի սահմանների պաշտպանությամբ: Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ՝ տարբեր ուղղություններով, որոնք լուծվում են հաջողությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիմելով զինվորներին եւ սպաներին՝ նախագահը նշել է. «Ձեր գերխնդիրն է ապահովել Հայրենիքի անվտանգությունը: Ձեր մասնագիտական բարձր որակներով, արդի տեխնիկական միջոցներին կատարելապես տիրապետելու հմտությամբ, բարոյակամային հատկանիշներով ու հայրենասիրական խրոխտ կեցվածքով դուք հուսալիորեն կանգնած եք ցանկացած ոտնձգության դեմ: Եվ որեւէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա` առնվազն միամտություն է»:

«Մարդկանց, ազգերի ու պետությունների իրավունքները հարգող յուրաքանչյուր նորմալ երկրի համար ամենամեծ հաղթանակը պատերազմը կանխելն է: Դուք դա անում եք լիարժեքորեն, պատվախնդիր կերպով եւ վայելում եք մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: