Ռումինիայի Բակաու նահանգի Թիրգու Օկնա քաղաքի տեղական խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի հետ Համագործակցության արձանագրությանը եւ արտոնել քաղաքապետ Շտեֆան Սիլոկինին Վայքի հետ ստորագրելու բարեկամության պայմանագիր:

Թիրգու Օկնայի եւ Վայքի միջեւ համագործակցություն հաստատելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2012թ. նոյեմբերի 18-ին ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի այցելության ժամանակ, երբ դեսպանը, քաղաքապետ Սիլոկին, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը եւ Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը պայմանավորվել էին համատեղ ուժերով նոր շունչ հաղորդել Թիրգու Օկնայի հայկական կյանքին:

Պայմանագիրը, որն արդեն ստորագրվել է Թիրգու Օկնայի քաղաքապետի կողմից, նախատեսում է համայնքների միջեւ փոխայցելությունների աջակցություն եւ խրախուսում, հանրային հաստատությունների, տարբեր կազմակերպությունների եւ առեւտրային ընկերությունների միջեւ կապերի հաստատում, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում, փորձի փոխանակման, ինչպես նաեւ գործընկերության նախաձեռնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, երիտասարդությունը, մշակույթը, սպորտը, զբոսաշրջությունը, կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, գործարարությունը, հանրային կառավարման մենեջմենտը եւ քաղաքաշինությունը:

Թիրգու Օկնան գտնվում է Ռումինիայի Մոլդովա շրջանի Բակաու նահանգում: Ունի մոտ 13.5 հազ. բնակիչ: Այն Ռումինիայի աղի արդյունահանման կենտրոններից է, ազգային նշանակության զբոսաշրջային եւ առողջարանային վայր` իր բարենպաստ կլիմայական պայմանների, հանքային ջրերի, գեղատեսիլ բնության եւ պատմական հուշարձանների շնորհիվ: Թիրգու Օկնայում 18-րդ դարի վերջին գոյություն ուներ ազդեցիկ հայ համայնք, որի շառավիղներն ապրում են նաեւ այսօր: Տեղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոտ 1765թ.: