Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է մայրաքաղաքի բյուջեի ծախսերն ու հատկացումները.

Պարոն Նիկոյան, ընթացքի մեջ է Երեւան քաղաքի 2013թ. բյուջեի նախագծի քննարկումը: Ինչպիսին է  հաջորդ տարվա բյուջեի ընդհանուր պատկերը:

Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի նախագծով ընդանուր մուտքերը (եկամուտները) նախատեսվել են 78 982 մլն դրամի չափով, ինչը 2012 թվականի մուտքերից ավելի  է 6 567 մլն դրամով։ Ընդ որում սեփական մուտքերը նախատեսվել են 32 791 մլն դրամի չափով՝ 2012 թվականի 28 329 մլն դրամի դիմաց, այսինքն 4 462 մլն դրամով ավելի  նախորդ տարվա մուտքերից, որոնցից որոշները բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված են եկամտային, իսկ մյուսները՝ ոչ ֆինանսական ակտիվների գործառնությունների մասում։

Թեեւ սեփական մուտքերի մասում մի քանի հոդվածներում օրենսդրական փոփոխություններով պայմանավորված առկա է հարաբերական նվազեցում, սակայն մնացած հոդվածների աճը ըստ էության ապահովում է 2013 թվականի Երեւան քաղաքի բյուջեի նախագծով սեփական մուտքերի հանրագումարի 4 462 մլն դրամի աճ։

Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի նախագծով ծախսային մասը ծրագրվել է 79 մլրդ 382 մլն դրամ՝ 2012 թվականի 72 մլրդ 465 մլն դրամի դիմաց եւ ավելի  է 6 մլրդ 917 մլն դրամով։ Նախատեսվող ծախսերն ուղղվելու են հիմնականում սոցիալական, մշակութային, բարեկարգման, կանաչապատման եւ քաղաքի կայուն զարգացման ֆինանսավորմանը։

2012 թվականի համեմատ 2013 թվականի բյուջեի նախագծի ծախսային մասն էապես ավելացել է կանաչապատման՝ այդ թվում սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման, բակերի եւ խաղահրապարակների վերականգնման, այգիների վերակառուցման, նոր հանգստի գոտիների եւ զբոսայգիների կառուցման, սոցիալական նպատակային ծրագրերի իրագործման, հաշմանդամների համար տեղաշարժման մատչելիության ապահովման եւ մայրաքաղաքի նկարագրի պահպանմանը նպաստող այլ ուղղություններով։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը աբսուրդային հատկացումների TOP 10-յակում առանձնացրել է նաեւ  Երեւանի համայնքներում մշակույթի եւ ժամանցի ծրագրերի համար  նախատեսված  195 մլն 178 հազար դրամ  հատկացումը: Ձեր մեկնաբանությունն այս հարցի հետ կապված:

Նման վերլուծությունն առնվազն ոչ մասնագիտական է, իսկ մոտեցումը՝ զարմանալի, քանի որ հատկացումը ունի  պարզ հիմնավորում: Թվարկված հատկացումներում առանձնացված  ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով Երեւան համայնքին բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրով 195 մլն 178 հազար դրամ հատկացումը  նախատեսված է Երեւանի կենդանաբանական այգու սուբսիդավորման համար, ինչի մասին հստակ գրված է նույն նախագծի Հավելված N1-ի աղյուսակ N18-ում։

Նույն հատկացումը ՀՀ պետական բյուջեներով նախատեսված է եղել  առնվազն 2003 թվականից սկսած`  ինչպես Երեւանի քաղաքապետարանի պետական մարմնի կարգավիճակում, այնպես էլ 2009 թվականից համայնք ձեւավորվելուց հետո։

Այդ ժամանակահատվածում որեւէ տարվա բյուջեն քննարկելիս որեւէ մեկի համար տարօրինակ չի թվացել այս հատկացումը եւ առնվազն  «աբսուրդային է», թե ինչու հենց  2013 թվականի բյուջեի նախագծի հետ կապված առաջ քաշվեց այդ հարցը։