41 –ամյա Ա. Մ-ն համաձայնության գալով Թուրքիայում բնակվող իր ծանոթի հետ պոռնկությամբ զաբաղվելու համար Հայաստանից աղջիկներ է ուղարկել Թուրքիա: Իսկ մարմնավաճառուհիների վաստակած գումարներից ստացել է իր մասնաբաժինը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքային օգուտ ստանալու նպատակով նպաստել է, այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն: Վերջինս նախնական համաձայնության է եկել Թուրքիայում բնակվող Գ. Կ-ի հետ, որից հետո Թուրքիայում իրենց ղեկավարությամբ մարմնավաճառությամբ զբաղվելու եւ վաստակած գումար միմյանց մեջ բաժանելու պայմանով, մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաք ժամանած Մ. Ա-ին եւ Հ.Մ-ին տեղափոխել է Անկարա քաղաքում գտնվող իր կողմից վարձակալած բնակարան:
Այնտեղ բնակվելու ընթացքում նրանց հաճախորդներ ապահովելու, հյուրանոցներ տեղափոխելու, կատարած «աշխատանքի» քանակը եւ վաստակած գումարները հաշվառելու, կուտակելու եղանակով կազմակերպել եւ նպաստել է Մ. Ա-ի եւ Հ. Մ-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն, որոնց վաստակած գումարներից ստացել է իր մասնաբաժինը:
Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2 –րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 4-ին: Առաջիկայում նշանակվի դատական քննության օրը:





























