«Մնում էր Քենեդու սպանությունը վերագրեին ինձ ու պրծ»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե նա Մեղրիում քարայծ է որսացել:
«Ես նման փողոցային խոսակցությունների չեմ էլ ցանկանում անդրադառնալ, երբ չգիտեմ նույնիսկ, թե այդ ինֆորմացիան որտեղից է գալիս: Ավելին` վիրավորական է: Մնացել է Քենեդու սպանությունը վերագրեն ու պրծ: Դա սուտ է, հերյուրանք եւ ուրիշ ոչինչ»,- արձագանքեց Արմավիրի քաղաքապետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ հրապարակումից հետո Արմավիրի ոստիկանությունում բացատրություն է տվել: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քարայծի որսով չի զբաղվել եւ քարայծ չի որսացել:
Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի Մեղրիում շրջանառվող լուրերով, հոկտեմբերի վերջին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Ռուբեն Հայրապետյանի խնամին, մի խումբ զինվորականների հետ որս է արել եւ Կարմիր գրքում գրանցված քարայծ որսացել:





























