Երեւանի Օրբելի փողոցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով  հարուցված քրեական գործը նոյեմբերի 27-ին կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ի մասի 10-րդ կետի հատկանիշներով: Իսկ ըստ այդ հոդվածի` քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի Օրբելի փողոցում սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել էր Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրը` 18-ամյա Գայանե Մարկոսյանը  եւ Վիկտորյա Ալոյանը: 

Պատահարի հետեւանքով Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն էր տեղափոխվել 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն` Դավիթ Գրիգորյանը եւ «Էրեբունի» բժշկական կենտրոն` Նորայր Խաչատրյանը, ով մահացել էր հիվանդանոցում վթարից 9 օր անց: Վթարի հետեւանքով բոլոր տուժածները ուսանողներ էին: Փաստով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ):