Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՅԴ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Միասնական օրակարգ նախագահական ընտրությունների համար» ֆորումը: Միջոցառման նպատակը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար ՀՅԴ-ի կողմից ներկայացված 7 կետից բաղկացած առաջարկությունների քննարկումն է:
ՀՅԴ-ում հույս ունեն, որ այդ դրույթները կարող են հիմք դառնալ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի միավորման համար: Հիմնական մոտեցումների համաձայնեցումից եւ պլատֆորմի ձեւավորումից հետո երկրորդ քայլը կարող է լինել միասնական թեկնածուի առաջադրումը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ընտրությունների նկատմամբ քաղաքացիների տարեցտարի խորացող անվստահությունը հասել է առավելագույնին եւ իրավիճակը շտկելու համար պետք է համախմբվել: Ռուստամյանը նաեւ ընդգծել է, որ քաղաքական ուժերն առանձին-առանձին չեն կարող հաղթանակի հույս ունենալ, ուստի միակ ուղին ընդդիմադիր ուժերի միավորումն է:
Նրա խոսքով, Հայաստանի ապագան կախված է նրանից, թե որքանով իշխանությունները կհասկանան, այսպես այլեւս շարունակել չեն կարող, երբ ժողովրդի եւ պետության օտարացումը հասել է կրիտիկական կետի: «Ընտրողներն իրենց ձայնի իրավունքը զիջում են հանապազօրյա խնդիրները լուծելու փոքր հնարավորության դիմաց: Քաղաքական ուժերը պարտավոր են փոխել իրավիճակը»,-ասել է Ռուստամյանը:
Իր հերթին, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ երկրում իշխում են օլիգարխներն ու մենաշնորհ ունեցողները: «Եթե մենք ցանկանում ենք քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովել, անհրաժեշտ է պետության վերադարձնել իր դերը»,-ասել է նա:



























