Սպիտակի աղետալի երկրաշարժի օրը այսօր՝դեկտեմբերի 7-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածաին եկեղեցու բակում տեղադրված անմեղ զոհերի հուշաքարին ծաղկեպսակներ են դրել Վանաձորի քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները, ոստիկանության, կրթական ու տարբեր ոլորտների աշխատակիցները, ինչպես նաեւ մի շարք վանաձորցիներ: Այնուհետ մարզային իշխանություններն ուղեւորվել են Սպիտակ, այնտեղ եւս ծաղկեպսակ դրել 88-ի երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ թե Վանաձորում, եւ թե Սպիտակում ինչպես ՀՀ կառավարությունից, այնպես էլ ԱԺ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել, նրանք միայն անվանական ծաղկեպսակներ են ուղարկել (ֆոտոռեպորտաժ):
Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով աղետի գոտու ներկա վիճակը Լոռիի մարզում, մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագիրը մինչ օրս շարունակվում է, եւ 2013թ-ի գարնանը, այն ծրագիրը, որն այսօր շարունակվում է, ամբողջությամբ կավարտվի: «Ես համոզված եմ, որ մինչեւ տարեվերջ մեր մարզում 311 շահառու ընտանիքները կստանան իրենց մեկ սենյականոց բնակարանների համապատասխան գումարները, իսկ մնացած բնակարանաշինության աշխատանքները շարունակվում են եւ ամբողջությամբ կավարտվեն 2013թ-ի գարնանը»,- ասաց նա:
Մարզպետը եւս փաստում է, որ այսօր աղետի գոտում ամենացավոտ խնդիրը բնակարանաշինության հարցն է, հատկապես գյուղական համայքներում:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միայն աղետի հետեւանքով պետական բնակարան կորցրածներից բնակարանի են սպասում մոտ 80-85 ընտանիք, իսկ սեփական բնակարանների հարցով դեեռեւս խնդիրները լուրջ են:Վերջինիս մասով աշխատանքներ կտարվեն հաջորդ տարվանից:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am




























