Ադրբեջանը ցանկանում է վերցնել ամբողջը, իսկ Հայաստանը առաջարկում է միայն 7 շրջանները, հետեւաբար մտահոգվելու առիթ չկա: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Դե Ֆակտո» ակումբում հայտարարեց, թե ղարաբաղյան հարցում լրջորեն մտահոգվելու կարիք չկա: «Լուրջ մտահոգվելու որեւիցե առիթ չունենք մենք, քանի որ Ադրբեջանի ցանկությունները անհնար է բավարարել: Դա որեւիցե մի իշխանություն, լինի Հայաստանում թե Արցախում, չի կարող բավարարել: Սրանից հետեւություն. մենք պետք է հանգիստ լինենք, որ այդ ցանկությունները բավարարող անձ չկա Հայաստանում: Դրա համար մտահոգվելու ոչինչ չկա»,- ասաց Բաբայանը:

Դիտարկմանը, թե Հայաստանում եւ Ղարաբաղում կան ուժեր, որոնք անընդհատ խոսում են փոխզիջումների պատրաստակամության մասին, ԼՂՀ ՊՆ նախկին հրամանատարը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները 7 շրջանը զիջում են Ադրբեջանին, սա փաստ է: Սա այսօր չի, երեկ չի, կա ու կա: Բայց, հարցը հետեւյալն է, Ադրբեջանը վերցնո՞ւմ է այդ 7-ը, բավարարվո՞ւմ է, թե՞ ոչ: Ոչ, չի բավարարվում, 12-ն է ուզում՝ Ղարաբաղն էլ հետը: Սա է պրոբլեմը: Ես էլ դրա համար ասում եմ, որ բավարարող չկա, ցանկության դեպքում էլ չեն կարող»,- ասում է Սամվել Բաբայանը: Իրական վտանգն, ըստ Բաբայանի, այն կլինի, որ Ադրբեջանը մի օր որոշի բավարարվել 7 շրջաններով: «Այ դա վտանգ է, բայց քանի որ վստահ գիտեմ, որ չի բավարարվում, դրա համար ասում եմ՝ մտահոգվելու ոչինչ չունենք»:

Ընդհանրապես, ըստ Բաբայանի, Հայաստանը չպետք է մասնակցի բանակցային գործընթացին՝ բանակցելը թողնելով Ղարաբաղի իշխանություններին: "Ընդհանրապես Հայաստանը չպետք է մասնակցի, պետք է Թուրքիայի պես լինի «մեծ պապա»,- նշեց Բաբայանը՝ ձեռքի հետ էլ ափսոսանք հայտնելով, որ Արցախում գործող իշխանությունները չեն կարողանում դեմ գնալ Հայաստանի իշխանություններին: Բաբայանը, սակայն, չմանրամասնեց իր ասածը. «Ես չէի ցանկանա մտնել այդ խոհանոցը եւ ինչ-որ պատճառներ բերել»:

Նախկին հրամանատարի համար ցավ է, որ հայկական կողմը ներկայանում է որպես պարտված կողմ: «Հաղթող կողմը ներկայանում է որպես պարտված: Ես դեռ չեմ տեսել երկրագնդի վրա մի ազգ, որ կամավոր իր տարածքները տալիս է: Փոխզիջման մասին խոսելն ավելորդ է: Դա սխալ է, կապ չունի, թե ով է սկսել: Ես որ նայում եմ Ալեւի նստելու ձեւը, պահվածքը, ինձ թվում է, որ մենք ենք պարտվել: Չի կարելի թույլ տալ որ այդպես լքտիանան: Այ եթե Ադրբեջանը առաջարկի փոփոխության իր տարբերակները, այն ժամանակ էլ կարելի է խոսել»,- ասաց Բաբայանը եւ հավելեց, որ ղարաբաղցիներն իրենք պիտի իրենց տեր կանգնեն, եւ պահանջատեր լինեն. «Եթե անհատը չի ուզում պայքարել իր ազատության համար, ապա ոչ մեկին պետք չէ մեղադրել»: