Հայաստանի Վայոց ձորի մարզում տարեցտարի հանցավորության մակարդակը նվազում է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողներին հայտնել է Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով՝ այդ մարզում կազմակերպված աշխատանք է տարվում անապահով ընտանիքների երեխաների հետ:
«Եթե այնտեղ անօթեւան կամ մուրացիկ է հայտնվում, համայնքն անմիջապես նրան խնամքի տակ է վերցնում: Եւ այն երեխաները, որոնք Երեւան կգային եւ դուրս կգային վերահսկողությունից, մնում են տանը», – վստահեցրել է Դուրյանը: Հայաստանում անչափահասների գործած հանցագործություների քանակով առաջատարը Երեւանն է:
Ըստ նրա` 2012 թ. 11 ամիսներին Հայաստանում գրանցվել է անչափահասների 383 հանցագործություն` 2011թ. 454 դեպքի փոխարեն: Ֆիզիկական բռնության դեպքերի թիվը կազմել է 186` 2011թ. 275-ի փոխարեն: Էականորեն նվազել է ավազակային հարձակումների (15-ից երկու), գողությունների (վեցից մինչեւ երեք) թիվը, իսկ ռեցիդիվներ չեն գրանցվել (2011 թ.` յոթ դեպք): Խնդիրներից մեկն է երեխաների կողմից սառը զենք կրելը վերահսկելը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























