Երեւանի քաղաքապետարանի 2012թ-ի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային  օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է  «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ ծրագրերը լինելու են շարունակական եւ այսօր արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ: 

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության ու հոգածության համար, հույս է հայտնել, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում շատ շուտով Երեւանն առավել մատչելի կդառնա նաեւ հաշմանդամություն ունեցող բնակիչների համար: 

Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է նաեւ համերգային ծրագիր: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը եւ անհատ կատարողներ:

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ընթացիկ տարում միջազգային եւ քաղաքային մրցույթներում մարզական հաջողություններ գրանցած հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ  ցուցահանդեսի ու համերգային ծրագրի մասնակիցները պարգեւատրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է միջոցառման մասնակիցների հետ, շրջել սրահում եւ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: