Գվատեմալան «Աշխարհի վերջին» սպասում է մոտ 200 հազար զբոսաշրջիկների։ Երկիրը նաեւ այդ պատմական իրադարձությունը ուղիղ եթերով կհեռարձակի աշխարհի շատ երկրներ, այդ թվում եւ Չինաստան։ Այդ մասին հաղորդել է Գվատեմալայի զբոսաշրջության հաստատության տնօրեն Պեդրո Դուչեսը։

Համաձայն Կենտրոնական Ամերիկայի հին ցեղերի՝ մայաների օրացույցի, 2012 թվականի դեկտեմբերի 21-ին կավարտվի մեր թվարկությունից առաջ 3114 թվականի օգոստոսին սկսված, այսպես կոչված, Հինգերորդ Արեւի երկարահաշիվ ցիկլը։ Օրացույցն այդ ամսաթվից հետո ավարտվում է, ինչն էլ տեղիք է տվել վատատեսներին ենթադրել, որ մայաներն այդ ձեւով, իբր կանխատեսել են աշխարհի վերջը։ Գիտնականների մեծ մասը հայտարարել է, որ մայաների կանխատեսումների մեջ աշխարհի վերջը հաստատող ոչինչ չկա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Արդեն հիմա գործնականորեն անհնար է հնագիտական գոտիների հարակից քաղաքներում գիշերելու տեղ գտնել, որտեղ արարողություններ եւ փառատոններ  պետք է անցկացվեն «մայաների նոր արշալույսը» նշելու համար։

Դեկտեմբերի 20-ից Գվատեմալայում ներկայացումներ են լինելու մայաների հետ կապ ունեցող 13 հնագիտական գոտիներում, այդ թվում եւ երկրի հյուսիսում՝ Թիկալիում, իսկ իշխանությունները  հատուկ այդ ամսաթվով փոստային նամականիշներ կթողարկեն՝ 25,2 հազարի չափով։